ՄԱԿ-ի Սննդամթերքի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը անհանգստացած է, որ թռչնային գրիպը Թուրքիայում կարող է վերածվել համաճարակի, իսկ անասնաբուժության հարցերով պատասխանատու Ջոզեֆ Դոմնիչը՝ կարծում է, որ այն սպառնում է նաեւ Թուրքիայի հարեւան երկրներին։  Նա ասում է.

 

՝՝Իրադրությունը մտահոգիչ է, քանի որ հիվանդության բռնկումները գերազանցում են մեր կանխատեսումները։  Սովորաբար, վարակը տարածվելիս, գրանցվում է մեկ, երկու բռնկում՝՝։

 

Սակայն Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքի Կարոլինսկա հաստատության գիտնականները կարծում են, որ հիվանդության բռնկումները, հակառակ նախկին կանխատեսումների, կարող են լինել ավելի շատ, բայց՝ ավելի անվտանգ։

 

Գիտնականների այս խումբը Վիետնամում հարցումների է ենթարկել 12 հազար մարդու եւ պարզել, որ նրանցից 18 տոկոսն  է ունեցել   թռչնագրիպի ախտանիշաններ։  Գիտնականները հաշվարկել են նաեւ, որ հիվանդ կամ սատկած թռչունների հետ շփման արդյունքում, այստեղ եղել է թռչնագրիպի հիվանդության 65Օ-ից 75Օ դեպք։  Այդ թիվը Վիետնամի պաշտոնապես հայտարարած թվից շատ ավելի մեծ է։  Ըստ այդ հայտարարության վարակվել է 87 մարդ, ովքեր տարվել էին հիվանդանոց բուժման համար։

 

Եթե հաստատվեն շվեդ գիտնականների ուսումնասիրության արդյունքները, կնշանակի, որ ավելի մեծ թվով մարդիկ են վարակվում այս հիվանդությամբ, սակայն հիմնականում բուժվում՝ առանց բարդությունների։  Սա նշանակում է նաեւ, որ տոկոսային հարաբերությամբ մահացության թիվը շատ ավելի փոքր է։

 

Թուրքիայում թռչնագրիպի ընթացիկ բռնկումը հաստատում է այս տեսակետը, քանի որ այստեղ վարակվածների մեծ մասին չի սպառնում մահը։  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ այժմ աշխարհը շատ ավելի մոտ է թռչնագրիպի համաճարակին,     քան 1968 թվականին, երբ  աշխարհին դարձյալ թռչնագրիպի վարակի տարածման վրանգ  էր սպառնում։  Սակայն եթե ճիշտ են շվեդ գիտնականները, համաճարակը չի լինի այնքան մահաբեր, որքան կարծում էին նախկինում։