Թուրքիայի քաղաքական եւ զինվորական ղեկավարները հայտարարել են, թե զինվորական հեղաշրջման վերաբերյալ հարցաքննությունները կանցկացվեն օրենքի համաձայն եւ պատասխանատու քայլերով։

Այդ մասին նշվել է հինգշաբթի օրը հրապարակված հայտարարությունում, երկրի վարչապետ Ռեչեփ Թայիփ Էրդողանի, նախագահ Աբդուլա Գյուլի եւ զինյալ ուժերի պետ գեներալ Իլկեր Բաշբուհի միջեւ տեղի ունեցած հանդիպումից հետո։

Այս հանդիպումը հետեւում է  ութ այլ պաշտոնյաների դատելու Ստամբուլի դատարանի որոշմանը, ինչը զինվորական հեղաշրջման մեջ կասկածվողների թիվը բարձրացնում է 20-ի։
Այս ձերբակալությունները շեշտում են լարվածության սրումը Թուրքիայի իսլամամետ իշխանությունների եւ զինվորականության միջեւ։  Վերջիններս իրենց համարում են երկրի աշխարհիկ ավանդույթների խնամակալը։

Զինվորականությունը վերջին 50 տարիներին տապալել է Թուրքիայի չորս  կառավարություն։