Իրաքի կառավարությունը  հայտարարել է, թե Սադդամ Հուսեյինի օրոք ծառայած եւ 2003 թվականից ի վեր զորացրված զինվորականներին բանակ վերադառնալու իրավունք կշնորհի։  Պաշտպանության նախարարության խոսնակ Մոհամադ ալ Ասկարին հայտարարել է, թե նախկին զինծառայողները  վերստին կզորագրվեն անմիջապես։

Այս որոշումը նախորդում է Մարտի 7ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եւ շատերին ենթադրել է տվել, որ զինծառայողների վերահաստատումը քաղաքական նպատակներ է հետապնդում։

Ընդդիմության անդամները վարչապետ Նուրի ալ-Մալիքիին մեղադրում են  Սադդամ Հուսեյինի Բաաթ կուսակցության աջակցությունը շահելու փորձերի մեջ։  Կառավարությունը հերքում է այդ տեսակետը։

Վերջերս հատվածախմբային լարվածությունը սրվել է, հատկապես 500  թեկնածուների  մասնակցությունը ընտրություններին արգելելու կառավարության որոշումից ի վեր։ Նրանց մեծ մասը փոքրամասնություն կազմող սուննիներ են եւ  մեղադրվել էին Բաաթ կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։