Սիրիայի ակտիվիստները հայտնել են, որ կառավարական ստորաբաժանումները, շարունակելով Հոմս քաղաքի արդեն մի քանի ամիս տևող գրոհը, սպանել են քաղաքացիական բազմաթիվ անձանց:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է, որ չորեքշաբթի օրը շարունակվող գրոհի պատճառով ուժեղ վնասվածքներ են հասցվել քաղաքի բազմաթիվ շինություններին:

Սիրիայում զոհերի և տուժածների մասին լուրերը հնարավոր չէ հաստատել, քանի որ իշխանություններն արգելել են երկրում լրատվական անկախ մարմինների գործունեությունը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրն ասել է, որ Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է գտնի ճգնաժամի կարգավորման ուղիները՝ համազգային երկխոսության անցկացման միջոցով, և որ միջազգային հանրությունը չի կարող կանխորոշել նման երկխոսության արդյունքները:

Արտգործնախարար Լավրովի հետ երեքշաբթի օրն  անցկացված հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ասել է, թե ցանկանում է, որ երկրի ընդդիմության հետ բանակցությունները գլխավորի երկրի փոխնախագահը:

Արաբական պետությունների լիգայի և Ռուսաստանի կողմից Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների անցկացումը կազմակերպելուն ուղղված ջանքերը մերժել են Ասադի կողմից արդեն 11 ամիս շարունակվող ապստամբության մասնակիցների նկատմամբ բռնությունների գործադրմամբ զայրացած ընդդիմադիր խմբերը: